Հասարակություն
Ադրբեջանական կողմը հարձակման փորձեր է իրականացնում հայկական ԶՈւ համազգեստով

Հրապարակված է
2 տարի առաջ,
«Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստներով»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հարց է ուղղում, թե ինչ նպատակ է դա հետապնդում, նշում է.
- Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել:
- Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր:
«Ըստ ականատես զինծառայողներից մեկի՝ օրինակ, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով և հետ շպրտվել:
Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի:
Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն: Ամեն դեպքում, համոզված եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանությունը»,-նկատել է ԱՀ ՄԻՊ-ը: