Քաղաքականություն
Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Հրապարակված է
2 տարի առաջ,
Թեհրանը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին կամ տարածքներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին:
Իրանական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին հաղորդել էին, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց անօդաչու սարք է ընկել Իրանի սահմանային տարածքում: Մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ղարաբաղում մարտերի պատճառով ութ արկ է ընկել սահմանային գոտում գտնվող տների վրա:
«Մեր երկրի սահմանամերձ շրջաններում առկա ակտիվությունը լրջորեն և ուշադրությամբ վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և դրա հետ կապված տարածաշրջանում հակամարտող կողմերից որևէ մեկի ագրեսիան մեր երկրի տարածքում հայտարարելով անընդունելի, լրջորեն նախազգուշացնում ենք նրանց անհրաժեշտ զգուշավորության մասին», — ասել է Ջալալին:
Դեսպանը շեշտել է, որ Իրանը «սերտ ու լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ»: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում: Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին էլ ասացինք, որ ով չի պահպանում այս սկզբունքը, ամբողջությամբ մերժվելու է», — ասել է դիվանագետը:
Նրա խոսքով ՝ «պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների»:
«Եվ եթե մենք անհրաժեշտություն զգանք, միջոցներ կձեռնարկվեն», — ամփոփել է դիվանագիտական առաքելության ղեկավարը: