Հասարակություն
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ է. վարչապետի հարցազրույցը IRNA լ/գ-ին

Հրապարակված է
2 տարի առաջ,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.
IRNA — Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ շրջանակն է: Իրանը, լինելով տարածաշրջանի կարևոր երկրներից, ունի և կարող է դեր խաղալ: Կարծում եմ՝ այս փուլում այդ դերը պետք է կենտրոնացնել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, և մենք ողջունում ենք Իրանի ցանկացած կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
IRNA- Դուք բազմիցս նախազգուշացրել եք Ղարաբաղի տարածաշրջանում օտար ուժերի ներկայության մասին: Պարոն Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում գտաք, որ այս անհանգստությունը երկուստեք է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այո, միջազգային մակարդակով հաստատվել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչ վարձկաններ են Սիրիայից տեղափոխվել տարածաշրջան՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Սա լուրջ վտանգ է տարածաշրջանի համար, և, ցավոք, տարածաշրջանի երկրներն այս փաստին բավարար չափով չեն արձագանքում: Բայց ակնհայտ է, որ ահաբեկիչների ներկայությունը սպառնալիքներ է ստեղծելու, և դրա հետևանքները տարածաշրջանում դեռ կտեսնենք: Եվ, կարծում եմ, տարածաշրջանի երկրները պետք է առավել խիստ արձագանքեին այդ փաստին:
IRNA — Իրանում անհանգստություն կա, որ Ղարաբաղի հակամարտությունը կվերածվի լայնամասշտաբ և երկարատև պատերազմի և, ի հավելումն օտարերկրյա ռազմական ուժերի, համաշխարհային ուժերը նույնպես կթափանցեն այս տարածաշրջան: Դուք այս անհանգստության փարատման և խնդիրը հայ-ադրբեջանական երկխոսության շրջանակ վերադարձնելու համար ի՞նչ առաջարկ և լուծում ունեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, և հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որևէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ: Բայց փաստն այն է, որ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, և այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը: Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է:
IRNA — Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:
IRNA — Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:
IRNA- Ինչպես գիտեք, մինչ այժմ բազմիցս Ղարաբաղի հակամարտության ականները ընկել են Իրանի տարածք և բազմաթիվ ԱԹՍ-ներ մուտք են գործել Իրանի օդային տարածք: Իրանական իշխանությունները բազմիցս հակամարտութան կողմերին այս կապակցությամբ նախազգուշացումներ են կատարել: Այս խնդրի կարգավորման համար ի՞նչ լուծում ունեք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Եթե հայկական կողմից էլ նման երևույթ է գրանցվել, այդ կապակցությամբ շատ ցավում եմ: Ես, ճիշտն ասած, այդ կապակցությամբ շատ կոնկրետ տեղեկատվություն չունեմ, բայց կարող եմ հավաստիացնել, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի, և այդպիսի միջադեպեր չգրանցվեն: Հայկական կողմն իրենից կախված առավելագույնն անում է՝ նման միջադեպերից խուսափելու համար և վստահեցնում եմ, որ այս կապակցությամբ հետագայում էլ ավելի ուշադիր կլինի:
Ձեզ կհետաքրքրի ՆԱԵՎ
-
Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)
-
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
-
Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
-
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են
-
Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo
Հասարակություն
Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

Հրապարակված է
3 օր առաջ,
17.11.2022
2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։
«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։
«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։
«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։
Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։
Ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։ Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու ոտքերն ու ձեռքերը։
Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։
«Հանցագործության բացահայտման նպատակով տեղում կազմվել են օպերատիվ խմբեր, որոնց միջոցով անց են կացվել օպերատիվ հարցումներ համայնքի բոլոր բնակիչների շրջանում։ Միաժամանակ մեր կողմից վերծանվել են դեպքի վայրի մոտակայքում առկա բոլոր տեսանկարահանող սարքերը»,-ասում է ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտյոմ Մաթիլյանը։
Բացահայտման աշխատանքների ընթացքում քննարկվեցին տեղի ունեցածի մի շարք վարկածներ։ Համադրելով հավաքագրված փաստերը՝ ոստիկանները հանգեցին եզրակացության, որ հանցագործը կամ հանցագործները նույն գյուղից են։
«Շարունակելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեր կողմից վեր են հանվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանց տվյալները»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։
Մինչ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին՝ իբր տեղի է ունեցել դիվերսիա և հանցագործները այլ երկրից են, իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում արդեն կար կասկածվողների շրջանակ։ Ի դեպ, բացահայտման շուրջօրյա աշխատանքներում ոստիկանության հետ սերտ համագործակցության մեջ էին ինչպես իրավապահ տարբեր կառույցներ, այնպես էլ ողջ համայնքը։
Կասկածյալների շրջանակն աստիճանաբար նեղանում էր, և նոյեմբերի 12-ին Արթիկի Բաղրամյան փողոցում, սպանություններ ու գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ։ «Նրա հետ անցկացված հարցման ընթացքում նկատեցինք ուսի շրջանում թարմ մարմնական վնասվածք, որը նման էր կտրած-ծակած վերքի»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։
32-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքը ստացել է իր տանը շինարարական աշխատանքներ կատարելիս՝ լինգով։ Նաև ոստիկաններին ներկայացրեց լինգը։ Տղամարդու վարքը կասկածելի էր, իսկ ուսի թարմ վնասվածքը նման էր ոչ թե լինգի, այլ կտրող-ծակող ինչ-որ առարկայով հասցված վերքի։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ 32-ամյա պեմզաշենցին դեպքից ժամեր անց եղել է Երևանում։
«32-ամյա տղամարդը նախ չընդունեց, որ եղել է Երևանում, որ առնչություն ունի դեպքի հետ, սակայն անհերքելի փաստերի ճնշման տակ, ինչպես նաև բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանեց ամբողջ կատարածը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։
Ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։
Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:
Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։
Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։
Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։
Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։
«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,-ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։
32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։
32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հ.Գ.-Պեմզաշենում Զարինե Մելիքսեթյանի մասին միայն դրական խոսքեր էին ասում: Դրական էին արտահայտվում նաև իրավապահների կատարած ծավալուն աշխատանքի մասին:
«Զառան հայ կնոջ օրինակելի կերպար էր։ Աշխատասեր, ընտանիքին նվիրված, լավ մայր… Էս դեպքից հետո կարծես ամբողջ գյուղը մշուշի մեջ լիներ։ Ոչ ոք չէր մտածում, որ էս առեղծվածային սպանությունը կարող է բացահայտվել։ Մեր ոստիկանությունը, քննչականը, քրեականը, ազգային անվտանգությունը, բոլորը… Իրենց շնորհիվ այս ամենը բացահայտվեց։ Հանցագործը ձերբակալվեց։ Մեր բնակչության խիղճը մի քիչ հանգստացավ»,-ասում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։
«Մենք ականատես ենք եղել, թե ինչ դաժան ու ծանր աշխատանք տարան բոլոր տղաները՝ 24 ժամ շարունակ, ամբողջ այս օրերի ընթացքում, համագործակցված մեզ հետ։ Դպրոցը, ամբողջ կոլեկտիվով, միշտ կողքներին ենք եղել: Շատ շնորհակալ ենք բոլոր աշխատակիցներին, բոլորին։ Մեր համակարգը գործեց օպերատիվ, որ ստացանք այս արդյունքը»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։
Հասարակություն
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Հրապարակված է
3 օր առաջ,
17.11.2022
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
You must be logged in to post a comment Login